Երկիրը չի կարող կանգ առնել այն պատճառով, որ ինչ-որ մեկը չի պատվաստվել. Իմնաձե

«Աշնան վերջն ու ձմեռը շատ ծանր կլինեն, ու չպատվաստված բնակչության շրջանում հիվանդացության ցուցանիշը բավական բարձր կլինի»,-այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն՝ նշելով, որ ամեն բան կախված է պատվաստված քաղաքացիների թվից, մինչդեռ այս պահին պատվաստված է բնակչության մոտ մեկ երրորդը միայն։

Ըստ Իմնաձեի, երբ երկրում բավականաչափ պատվաստանյութեր կան, չպետք է խոսվի սահմանափակումների մասին, միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ սահմանափակումներն անհրաժեշտ կլինեն միայն այն դեպքում, եթե բժշկական հատվածն այլևս չդիմանա բեռին: 

«Բոլոր հաշվարկներով, այն սահմանափակումները, որոնք գործում էին անցած տարվա գարնանը, փրկել են երկրում առնվազն 10 հազար մարդու կյանք, բայց այսօր այլ ժամանակներ են, երկրում առկա է պատվաստանյութերի բավական մեծ քանակ», — ասել է Իմնաձեն՝ շեշտելով, որ երկիրը չի կարող կանգ առնել այն պատճառով, որ ինչ-որ մեկը չի պատվաստվել, ու չպատվաստվածներին կոչ է արել «բարի լինել և պատվաստվել»։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր