Եվրահանձնաժողովի որոշման գործում երիտասարդության ներդրումը մեծ է. նախագահ

Եվրահանձնաժողովի որոշման գործում ձեր (երիտասարդների — խմբ.) մեծ ներդրումն այն է, որ եթե չլինեին մարտի 8-ի իրադարձությունները, Վրաստանում վեր հառնած եվրոպական դրոշներն ու ազատության մեծ ալիքը, հավանաբար մի քիչ կմտածեին ու այդ որոշումը չէին ընդունի, Օրբելիանիի պալատում հյուրընկալելով երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ուսանողներին` ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները և ուսանողները միացել են նախագահի նախաձեռնած «Մեր ձայնը Եվրոպային» ստորագրահավաքին։ Վրաստանի նախագահը ելույթով դիմել է երիտասարդներին և խոսել երկրի եվրաինտեգրման գործընթացում նրանց առանցքային դերակատարման մասին։

«Այս երկրի եվրոպական ապագան է միավորում բոլորիս, և մենք միասին կփորձենք բացել այդ դուռը։ Սրան է ծառայում ստորագրահավաքի այս քարոզարշավը, որը ոչ մի կերպ քաղաքական քարոզարշավ չէ, չի առնչվում որևէ կուսակցության կամ հոսանքի։ Դա միայն և միայն մեզ համար է՝ այս երկրի եվրոպական ապագայի համար, քանի որ այսօր բոլորս շատ լավ զգում ու գիտակցում ենք, որ գտնվում ենք այս ճանապարհի վճռական հանգրվանում»,- ասել է նախագահը:

Նախագահի խոսքով, վրաց ժողվրդի ինքնությունը հանդուրժողականությունն է, ազատությունն է, պայքարը հանուն ազատության, վրաց ժողովրդի ինքնությունը բազմազանությունն է, որը դարեր շարունակ եղել է Վրաստանի բնորոշ հատկանիշը, և եթե վրաց ժողովուրդը ցանկանում է, որ այդ ինքնությունն ամրապնդվի, ապա միակ ճանապարհը Եվրոպան է: