Եվրապատգամավորները Սաակաշվիլիի հարցով դիմել են իշխանություններին

Եվրախորհրդարանի պատգամավորներ Պետրաս Աուստրևիչուսը, Միրիամ Լեքսմանը, Մարկետա Գրիգորովան և Անդրիուս Կուբիլիուսը համատեղ նամակ են հրապարակել, որում մտահոգություն են հայտնել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ և կոչ են արել Վրաստանի իշխանություններին և ժողովրդին կանխել երկրի եվրոպական նկրտումները խաթարող ողբերգությունը:

Նրանք նշել են, որ խորը հիասթափություն և ափսոսանք են հայտնում Սաակաշվիլիի առողջական վիճակի արագ վատթարացման վերաբերյալ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների անտարբերության պատճառով։

«Մենք հաշվի ենք առնում Թբիլիսիի քաղաքային դատարանի փետրվարի 6-ի որոշումը Սաակաշվիլիին բանտից չազատելու մասին:

2022 թվականի հունիսի 9-ի իր բանաձևում Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնել նախագահ Սաակաշվիլիի առողջական վիճակի կապակցությամբ և կոչ արել իշխանություններին ազատ արձակել նրան մարդասիրական նկատառումներով, որպեսզի նա կարողանա անհրաժեշտ բուժում ստանալ արտերկրում։ Քանի որ Սահակաշվիլիի առողջական վիճակը գնալով վատանում է, մենք անհանգստացած ենք նրա կյանքի համար»,- նշված է տարածած նամակում։

Նամակում նաև նշել են, որ ճանաչում և աջակցում են վրաց ժողովրդի եվրոպական ձգտումները.

«Եվրոպացի լինելը նշանակում է հավատարմություն եվրոպական արժեքներին և իդեալներին, ինչը բացակայում է վրացական կողմից։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին և վրաց ժողովրդին հարգել Միխեիլ Սաակաշվիլիի մարդկային արժանապատվությունը և պաշտպանել նրա կյանքը։ Կոչ եմ անում կանխել ողբերգությունը, որը կխաթարի ձեր եվրոպական նկրտումները և կհետաձգի Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակի ընդունումը»:

Ի դեպ, փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու միջնորդությունը: Սաակաշվիլիի ընտանիքը և նրա փաստաբանները նշել են, որ առաջիկա օրերին կբողոքարկեն որոշումը Ստրասբուրգում։