Կառավարությունը դադարեցրել է Զուրաբիշվիլիի դեմ սահմանադրական վեճը

Վրաստանի կառավարությունը դադարեցրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ սահմանադրական վեճը, համապատասխան որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի կայքում։

Փաստաթղթում նշվում է,  որ հայցը մերժելու մասին Վրաստանի կառավարության հայտարարությունը Սահմանադրական դատարանում գրանցվել է 2023 թվականի հունվարի 11-ին։

Նշենք, որ 2022 թվականի հունիսի 7-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ դեսպանների նշանակման իրավունքը նախագահից տարանջատելու համար։ Հունիսի 24-ին դատարանը վարույթ է ընդունել «Վրաստանի կառավարությունն ընդդեմ Վրաստանի նախագահի» հայցը։

2022-ի հուլիսին Զուրաբիշվիլին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում պարզաբանել էր, որ դժգոհ է ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Դավիթ Բաքրաձեի աշխատանքից, ինչի պատճառով չի ստորագրել Բաքրաձեի նշանակումը ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում։

Նախագահի խոսքով, Բաքրաձեի դեսպանության օրոք Վաշինգտոնից Թբիլիսի և Թբիլիսիից Վաշինգտոն բարձրաստիճան այցեր չեն կազմակերպվել։ Բացի այդ, Զուրաբիշվիլիի խոսքով, դեսպանը չի կարողացել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Վրաստանի շնորհավորական ուղերձները փոխանցել նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին։

2022 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Զուրաբիշվիլիի օգոստոսի 30-ի հրամանագրով ԱՄՆ նախկին դեսպան Բաքրաձեն նշանակվել է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան։ Նախագահը բացատրել է, որ չնայած ԱՄՆ-ում Բաքրաձեի գործունեության շուրջ իր բացասական վերաբերմունքին, ՄԱԿ-ում դեսպան նշանակելու հրամանագիրը ստորագրում է թե պարտադրանքով, այլ այն պատճառով, որ գործընթացը չհետաձգվի։