Զբաղվածությունը պատմական ամենաբարձր մակարդակի վրա է. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, երկրում աղքատությունը կրճատվել է և հասել պատմական նվազագույնի։ Կառավարության նիստից առաջ վարչապետն այսպես է գնահատել անցյալ շաբաթ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած աղքատության բացարձակ շեմից ցածր բնակչության թարմացված տվյալները։

Ի դեպ, ըստ Geostat-ի՝ Վրաստանում աղքատությունը նվազել է, իսկ աղքատության բացարձակ ցուցանիշը 2022 թվականին կազմել է 15,6 տոկոս, ինչը 1,9 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա համեմատ։

«Գիտեք, որ անցած շաբաթ մեր տնտեսական թիմը քննարկել է այս հարցը, և վիճակագրության վարչությունը նույնպես տվյալներ է հրապարակել, զբաղվածությունը պատմական առավելագույնի վրա է, կարելի է ասել, որ գործազրկությունը հասցվել է պատմական նվազագույնի, ինչպես նաև աղքատությունն է հասել պատմական նվազագույնի»,- ասել է վարչապետը։

Նախարարների կաբինետի նիստում նա խոսել է նաև առաջին եռամսյակում երկրում ստեղծված աշխատատեղերի մասին և նշել, որ այս ընթացքում աշխատատեղերի թիվն աճել է։

«Առաջին եռամսյակում ստեղծվել է եւս 42 հազար աշխատատեղ և կազմել 716 հազար, ինչը բիզնեսոլորտում առաջին եռամսյակներում աշխատողների ռեկորդային թիվ է»,- նշել է Ղարիբաշվիլին: