Զբոսաշրջիկները բուժվում են, սակայն չեն վճարում. Մցխեթայի հիվանդանոցի ղեկավար

Մցխեթայի բժշկական կենտրոնի ղեկավար Նիկա Ճիլաձեն ասում է, որ հիվանդանոցի համար մեծ խնդիր են այն օտարերկյա զբոսաշրջիկները, ովքեր ճանապարհորդության ապահովագրություն չունեն: Այս մասին Ճիլաձեն հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, հիվանդանոցը պարտավոր է արտակարգ իրավիճակների դեպքում օգնություն ցուցաբերել, սակայն զբոսաշրջիկների մեծ մասը, ովքեր հիմնականում հետխորհրդային երկրներից են, հրաժարվում են վճարել բուժման համար: Հետևաբար, հաճախ են դեպքերը, երբ հիվանդի չվճարման պատճառով հիվանդանոցները հազարավոր լարիների վնաս են կրում:

Ճիլաձեն խոսել է կոնկրետ օրինակների մասին՝ նշելով, որ իրենց հիվանդանոցն արդեն դատարան է դիմել և Ռուսաստանի մի քաղաքացուց պահանջում է 1 ամսյա բուժման համար վճարել 15 հազար լարի:

Նշված քաղաքացին հիվանդանոցում է հայտնվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ ծանր վիճակում: Հիվանդանոցը վիրահատել է նրան, սակայն վերջինս հրաժարվում է վճարել:

Ապահովագրական ասոցիացիայի նախագահ Դևի Խեչինաշվիլին հայտարարել է, որ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկներից անհրաժեշտ է ճանապարհորդության, առողջության ապահովագրություն պահանջել: