Սարալիձեն հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագետներին

Խորավա փողոցում սպանված անչափահաս Դավիթ Սարալիձեի հայրը` Զազա Սարալիձեն այսօր հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագետների հետ: Սարալիձեն և իր փաստաբանը դեսպանատների ներկայացուցիչներին տեղեկատվություն են տրամադրել խորհրդարանական քննչական հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ: Խոսել են նաև Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցող ցույցի վերաբերյալ: Սարալիձեն դիվանագետներին հանդիպել է արդեն երկրորդ անգամ:

«Մանրամասնորեն խոսել ենք: Մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից մինչ օրս հանձնաժողովի գործունեության, ցույցերի վերաբերյալ: Հույս ունենք, միջազգային կազմակերպությունները կասեն իրենց խոսքը», — հայտարարել է Սարալիձեն: