Զբոսաշրջության շնորհիվ Վրաստանի եկամուտն աճում է. նախարար

Զբոսաշրջության շնորհիվ Վրաստանի եկամուտն աճում է ռեկորդային բարձր մակարդակով, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:

Դավիթաշվիլիի խոսքով, ամբողջ երկրում ակտիվորեն ընթանում են զբոսաշրջային ենթակառուցվածքների, բալնեոլոգիական հանգստավայրերի, ճոպանուղու, մրցունակ ծառայությունների և նոր գրավիչ ուղղությունների զարգացումը։

Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է՝ անցյալ տարի զբոսաշրջությունից ստացված եկամուտը 7,6 տոկոսով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: 2021 թվականի համեմատ աճը կազմել է 182.5 տոկոս։  Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, 2022 թվականին Վրաստան է այցելել 5,5 միլիոն միջազգային ճանապարհորդ։

Նախարարի խոսքով, այս տարվա տվյալները հիմնավոր ակնկալիք են ստեղծում, որ Վրաստանը մինչև տարեվերջ կհյուրընկալի 6,6 միլիոն միջազգային զբոսաշրջիկների: