«Ժողովրդի ուժը» նախատեսում է կուսակցություն հիմնել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը նախատեսում է կուսակցության հիմնել:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հեղինակ ​​պատգամավորները նախապատրաստվում են 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Շարժման անդամներից Գուրամ Մաճարաշվիլին ասել է, որ քննարկում են «Ժողովրդի ուժը»` որպես քաղաքական կուսակցություն ձևավորման հարցը. «Առաջիկայում հանրությունը կիմանա, թե ինչ քաղաքական կարգավիճակ ենք ներկայացնելու նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Մեր նոր քաղաքականության ձևավորումն անհրաժեշտություն է դարձել, մենք այս կամ այլ ​​կերպ անպայման մասնակցելու ենք ընտրություններին»:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները ևս tvpirveli.ge լրատվականի հետ զրույցում հաստատել են, որ կուսակցության ստեղծման համար խորհրդակցություններն ակտիվ փուլում են, սակայն, որոշումը պետք է կայացնի «Ժողովրդի ուժը»։ Ըստ նրանց՝ ռուսամետ ընտրողը «Վրացական երազանք»-ի ընտրողը չէ։

«Եթե ​​առանձին կուսակցություն ստեղծեն, չեմ կարծում, որ դա բացասական գործոն կլինի «Վրացական երազանք»-ի համար»,- ասել է Միխեիլ Սարջվելաձեն:

Ի դեպ, «Ժողովրդի ուժը» շարժման անդամները, որ հեղինակել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, իշխող կուսակցության շարքերը լքել են 2022 թվականին: Նրանց նախաձեռնած օրինագիծը, որը, ինչպես հետագայում պարզվեց ռուսական օրենքի անալոգն էր, միտված էր անկախ ՀԿ-ների, ԶԼՄ-ների և այլ քաղաքացիական կազմակերպություններին «գործակալ» պիտակավորելուն, հավանություն արժանացավ իշխող կուսակցության կողմից:

Օրինագծի ընդունումը Վրաստանում միանշանակ չընդունվեց. Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ անցկացվեցին: Հասարակության ճնշման տակ իշխող կուսակցությունը տապալեց օրինագիծը և հետ կանչեց խորհրդարանից: