Զորակոչ SMS-ի միջոցով. Պաշտպանության օրենսգրքում փոփոխություններ են սպասվում

Վրաստանում նախատեսվում են փոփոխություններ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կարգում, որոնց համաձայն` զորակոչիկները ծանուցումները կստանան նաև էլեկտրոնային ձևով։ Համապատասխան փոփոխությունները ներառվել են Վրաստանի պաշտպանության օրենսգրքում, և խորհրդարանում դրանց քննարկումն արդեն սկսվել է։

Փոփոխությունների համաձայն՝ զինվորական ծառայության զորակոչի մասին ծանուցումը կարող է ուղարկվել ինչպես ավանդական ճանապարհով՝ ծանուցագիրը հանձնելով, այնպես էլ էլեկտրոնային փոստով կամ բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրությամբ (SMS)։ Հաղորդակցության այլընտրանքային միջոցների կիրառումը հնարավոր կլինի նաև այն դեպքում, երբ անձին հնարավոր չլինի ծանուցագիրը ֆիզիկապես հանձնել։

Նախագծի համաձայն՝ եթե զորակոչիկը ծանուցումը ստանա էլեկտրոնային եղանակով, սակայն աշխատանքային երկու օրվա ընթացքում հետադարձ կապ չհաստատվի, կամ եթե հաղորդակցությունն այլ ճանապարհներով ևս անհնար լինի, համապատասխան ծանուցումը կհրապարակվի պաշտոնական կայքում։

Փոփոխությունների նախաձեռնողը Վրաստանի պաշտպանության նախարարությունն է, որը նաև կարգավորել է զորակոչիկների զինվորական հաշվառման և զորակոչի կազմակերպչական հարցերը։ Սահմանվել է, որ ծանուցագիրը կարող է հանձնվել նաև ընտանիքի անդամներին։

Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականին պաշտպանության ուժերում նախատեսվում է զորակոչել 18-ից 27 տարեկան մոտ 5800 հազար անձի։ Զորակոչն իրականացվում է համակարգչային համակարգի միջոցով՝ պատահական ընտրության սկզբունքով։

Պարտադիր զինվորական ծառայությունը վարձատրվող է և նախատեսում է արձակուրդներ ու հանգստյան օրեր։ Զորակոչիկները հնարավորություն ունեն ընտրելու ծառայության անցկացման ձևերից մեկը՝ մարտական ստորաբաժանումում՝ վեց ամիս, պահպանության և ապահովման ուղղությամբ՝ ութ ամիս կամ կրտսեր հրամանատարական կոչում և մասնագիտություն ձեռք բերելու համար՝ 11 ամիս։