Ընդդիմությունը մինչև 20:00-ն ժամանակ է տվել իշխանությանը. ցույց Թբիլիսիում. լուսանկարներ

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում, Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մեծամասշտաբ ցույցն ընթացքի մեջ է: Այս պահի դրությամբ շարունակվում են ընդդիմադիր կուսակցությունների ելույթներն ու կոչերը: Նրանք Վրաստանի իշխանությանը մինչև ժամը 20:00-ն ժամանակ են տվել՝ ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիային պաշտոնանկ անելու ու նոր ընտրական հանձաժողովի կազմ ձևավորելու համար: Ընդդիմադիրները խոստացել են՝ սրանից հետո միայն Իվանիշվիլիի հետ կքննարկեն նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցը: Սա, ի դեպ, երկրորդ պահանջն է: Երրորդ պահանջը բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելն է:

Իշխանության ներկայացուցիչներից «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Մամուկա Մդինարաձեն  ցույցի ընթացքը մեկնաբանել է որպես անլրջություն ու հայտարարել, որ ոչ ոք չի պատրաստվում այս պահանջներն իրականացնել:

Ցուցարարները վանկարկում են. «Իվանիշվիլի գնա, դու ուզուրպատոր ես, իսկ ուզուրպատորը պետք է գնա»։

Ցույցն անցկացվում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սահմանված սահմանափակումների ֆոնին: Այսպես, ելնելով բաց տարածքներում դիմակ կրելու հետ կապված վերջերս ուժի մեջ մտած կարգավորումից, ցուցարարները դիմակներով են: Սոցիալական հեռավորություն, սակայն, չի ստացվում պահպանել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձևավորվի 10-րդ գոմարման խորհրդարանը: Ընտրությունների 1 տոկոսանոց շեմը հաղթահարած 9 կուսակցություններից 8-ը հրաժարվել են իրենց մանդատներից ու չեն ճանաչում ընտրության արդյունքները: Նրանք ընտրությունների հաջորդ օրվանից ի վեր մշտական բողոքի ցույցեր են անցկացնում: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոստացել էին ամենամասշտաբային ցույցը կազմակերպել: