Զուրաբիշվիլիի ներկայությունը հերթական սադրանքն էր. Կոբախիձե

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առանց հրավերի Ազատության հրապարակում գտնվելը հերթական սադրանքն էր, interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Այդպիսով, Կոբախիձեն արձագանքել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու՝ Ազատության հրապարակում ելույթի ժամանակ Վրաստանի նախագահին հղած ողջույնի միջադեպին և հավելել, որ ԵՄ դեսպանի կողմից նախագահին ողջունելը արարողակարգային քայլ է եղել. «Բնականաբար, ցանկացած դեսպան պարտավոր է հետևել արձանագրային հաջորդականությանը, այն պաշտոնական վարկանիշին, որն ընդհանուր առմամբ գործում է։ Ուստի այստեղ սպեկուլյատիվ ոչինչ չկա։ Հասկանալի է, թե ինչու է Եվրամիության դեսպանը խոսքն այդպես սկսել»:

Կոբախիձեի խոսքով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամեն ինչ անում էր, որպեսզի երկիրը չստանա թեկնածուի կարգավիճակ:

«Ինչ վերաբերում է նրան, որ Սալոմե Զուրաբիշվիլին անվտանգության ուժերով շրջապատված կանգնել է բեմի դիմաց, ապա ստիպված է եղել ժամանակից շուտ լքել տարածքը, սա ցույց է տալիս, որ հասարակությունն ամեն ինչ տեսնում է։ Սալոմե Զուրաբիշվիլին ամեն ինչ արեց, որպեսզի երկիրը չստանա թեկնածուի կարգավիճակ…

Նա անընդհատ սադրանքներ էր ծրագրում, բայց ի վերջո բոլոր սադրանքները ձախողվեցին։ Չհաջողվեց նաև սադրանքը, որը կոչվում էր առանց հրավերի Ազատության հրապարակ գալ»,- ասել է Կոբախիձեն։

Ի դեպ, ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանլուց հետո Վրաստանի կառավարության որոշմամբ Ազատության հրապարակում մեծ միջոցառում է տեղի ունեցել, որին մասնակցել են իշխող կուսակցության ներկայացուցիչները, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին և այլք: 

«Վրացական երազանք»-ը համերգի մեկնարկից առաջ հայտարարել է, որ «արմատական ​​ընդդիմությունը» և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «անելիք չունեն» ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար նախատեսված հանդիսավոր միջոցառմանը, առավել ևս՝ «միջոցառման բեմում»: Զուրաբիշվիլին, սակայն, այդուհանդերձ ներկա էր միջոցառմանը:

Իշխող կուսակցության, կառավարության և Զուրաբիշվիլիի միջև հակամարտությունը ի հայտ եկավ մարտին, երբ Զուրաբիշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ մեղադրեց «Վրացական երազանքին» եվրոպական ուղուց շեղվելու համար և ասաց, որ Թբիլիսին կրկնում է Մոսկվայի «մեսիջները»: Իշխանությունն անգամ նախագահի դեմ պաշտոնանկության գործընթաց էր սկսել, որը ձախողվեց: Պաշտոնանկության համար իշխանությունը հիմք էր ընդունել այն հանգամանքը, որ նախագահն առանց կառավարության թույլտվության այցելել էր ԵՄ երկրներ՝ երկրի համար կարևորագույն պահին: Ըստ նրանց՝ Զուրաբիշվիլին խախտել էր սահմանադրությունը. նախագահը, սակայն, հայտարարել էր, որ ինքն առաջնորդվել է Վրաստանի շահերը պաշտպանելու սկզբունքով:

Թբիլիսիի քայլերը ԵՄ անդամակցության ճանապարհին. ինչ պետք արվի