Զուրաբիշվիլիի որդին Վաշաձեի որդուն առաջարկում է բանավիճել

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի որդին՝ Թեյմուրազ Գորջեստանը միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի որդուն՝ Նոդար Վաշաձեին բանավեճի է հրավիրում:

«Ես մեկ հարց ունեմ: Ես այստեղ եմ, երեք օրից Քեթևանն է (Զուրաբիշվիլիի դուստրը) գալիս Փարիզից, ես Լոնդոնից եմ եկել և հարց եմ տալիս, թե որտե՞ղ է Նոդար Վաշաձեն: Մոսկվայո՞ւմ, ես չգիտեմ, բայց ես մեկ առաջարկ ունեմ: Մենք պատասխանում ենք հարցերին, մենք հեռուստաէկրանից ներկայանում ենք, որ ընտրողները ճանաչեն մեզ՝ Սալոմե Զուրաբիշվիլիի ընտանիքին, նրա երեխաներին: Ինձ հետաքրքրում է, թե ո՞վ է Գրիգոլ Վաշաձեի ավագ որդին: Եթե ​​համաձայնեք, եթե նա ժամանի, ես պատրաստ եմ բանավիճելու: Խոսենք, ինչպես ընդունված է մեր ժողովրդի մեջ: Սա վրացական խիզախություն է: Խոսենք Վրաստանի, վրացական մշակույթի ու վրաց լեզվի մասին: Ես պատրաստ եմ, երբ ուզում ես, Նոդա՛ր», — ասել է նախագահի թեկնածուի որդին:

Հավելենք՝ վերլուծաբաններն ասում են, որ Վաշաձեի նախընտրական քարոզչությունը հիմնված է ստերի վրա: Նա փորձում է թաքցնել այդ կապերը Ռուսաստանի հետ: Դրա պատճառով պաշտոնական կենսագրության մեջ ոչինչ չի ասվում այն մասին, որ իր որդին Մոսկվայում է բնակվում և Ռուսաստանի քաղաքացի է: Վերլուծաբան Գիա Աբաշիձեի խոսքերով, Վաշաձեն թաքցնում է իր որդու քաղաքացիությունը: Իսկ այժմ, այդ հարցը բարձրացնում է իշխող կուսակցության աջակցությունը վայելող նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի որդին: