Զուրաբիշվիլին դեսպանատներին կոչ է անում ամրապնդել հարաբերությունները սփյուռքի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հանդիպել է վրացական սփյուռքի ներկայացուցիչներին, ուսանողներին ու Ադրբեջանում գործող վրաց գործարարներին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Ադրբեջանում Վրաստանի դեսպանատանը տեղի ունեցած հանդիպմանը նախագահը խոսել է այցի շրջանակներում քննարկված թեմաների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Զուրաբիշվիլին նշել է, որ Ադրբեջան կատարած այցը նոր իմպուլս կտա երկու երկրների հարաբերություններին:

Վրաստանի նախագահը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին ու հայտարարել, որ էներգետիկ լայնածավալ ծրագրերի ավարտին անգամ, հետագա առաջնահերթությունների վերաբերյալ Ադրբեջանի շահերը չեն նվազել ու բացի էներգետիկայից, այլ ոլորտներում համագործակցելու քաղաքական կամք կա:

Զուրաբիշվիլիի խոսքով Չինաստանի և Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագրերը Վրաստանին առավելություն են տալիս ու հնարավորություն ստեղծում, որ այդ առավելությունից օգտվի նաև Ադրբեջանը` համատեղ ծրագրերի տեսքով: Նրա խոսքով, սա նշանակում է «Ադրբեջանի և Վրաստանի պատմական բարեկամության ամրացում ու Կովկասի մեծ ապագա»:

Զուրաբիշվիլին նաև Վրաստանի դեսպանատների գործունեության կարևորության մասին է խոսել՝ նշելով, թե դեսպանատները պետք է լավ հարաբերություններ ունենան սփյուռքի հետ։