Զուրաբիշվիլին դիմել է «Փառք Ուկրաինային» միջազգային համաժողովի մասնակիցներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատում դիմել է «Փառք Ուկրաինային» միջազգային համաժողովի մասնակիցներին` խոսելով Ուկրաինայում շարունակվող պատերազմի, ռուսական ապատեղեկատվության և Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։

Նախագահը հյուրերին ընդունել է սեպտեմբերի 5-ին՝ համաժողովի առաջին օրվա ավարտին։ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու առնչությամբ նա ընդգծել է, որ պատասխանատուն «երկրի գլխին կանգնածներն» են։

«Վրաստանի բնակչությունը ցույց է տվել, թե որտեղ է կանգնած Ուկրաինայի, Եվրոպայի առումով, և մենք, որ երկրի գլխին ենք՝ իշխող թիմ լինենք, ընդդիմություն, թե ինստիտուցիոնալ առաջնորդներ, բոլորս պատասխանատվություն ենք կրում, և բոլորս պետք է պատասխան տանք հաջորդ սերնդին, թե ինչ արեցինք այս ընթացքում, որ հանկարծ պատմությունն ու Ուկրաինան մեզ նոր հեռանկար առաջարկեցին, առաջարկեցին նոր ապագա։

Ես ենթադրում եմ, որ մենք կպատրաստվենք և վաղը միասին կլինենք Եվրամիությունում»,- ասել է նախագահը։

Ռազմավարական գործընկերների մասին նա ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է «սևը սպիտակ ներկայացնել», անվստահություն առաջացնել Վրաստանի և Ուկրաինայի միջև։ Նախագահի խոսքով՝ «կործանարար ապատեղեկատվությունը» երկրորդ ճակատի գաղափարն է, «որին պետք է դիմակայել»։

«Ապատեղեկատվություն է այն, որ ԱՄՆ-ը Վրաստանում խաղաղության, ժողովրդավարության, անվտանգության և մեր պաշտպանության կողմնակիցը չէ, այլ հակառակը` մեզ մղում է դեպի պատերազմ։ Սա անհավանական մանիպուլյացիա է և ապատեղեկատվություն», — պնդել է նախագահը։