«Միմինո» օդանավակայանը կգործի 30 տարվա դադարից հետո

Վրաստանի Թելավի քաղաքի Էրեկլե Երկրորդի անունը կրող «Միմինո» օդանավակայանը 30 տարի անց ամառվա վերջին՝ առաջին անգամ կվերսկսի ներքին թռիչքները։ Փոխանցում է BusinessMedia-ն։

Ներքին թռիչքները կիրականացվեն 16 տեղանոց ինքնաթիռներով Բաթումիի և Մեստիայի օդանավակայաններից։

«Միմինո» օդանավակայանի սեփականատեր, «Վրաստանի ավիացիոն համալսարանի» որակի ապահովման ծառայության ղեկավար Դավիթ Տեփնաձեն ասել է, որ օդանավակայանը, որտեղ Ավիացիոն համալսարանի ուսանողները թռիչքային ինժեներական վերապատրաստում են անցնում, շուտով ամբողջությամբ կաշխատի։

Ըստ Տեփնաձեի՝ օդանավակայանի աերոդրոմի վերականգնումը սկսվել է անցյալ տարի, որի համար 3 մլն լարի (մոտ 1 մլն դոլար) է ծախսվել։

«Թռիչքների ստույգ գները չեմ կարող ասել, բայց դա տատանվում է երկրի ներքին չվերթների գների միջակայքում։ Վերանորոգել ենք ինչպես թռիչքուղին, այնպես էլ աերոդրոմի ենթակառուցվածքը (թռիչքուղի, ինքնաթիռների կայանատեղ)»,- ասել է Տեփնաձեն։

Նա նաև նշել է, որ 2022 թվականի սկզբին Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը դրական է գնահատել կատարված աշխատանքը.

«Այս անգամ օդանավակայանում շաբաթական 4 չվերթ է իրականացվելու։ Օդանավակայանն ունի նաև Վրաստանի ցանկացած օդանավակայանից ինքնաթիռներ ընդունելու, և՛ չարտերային, և՛ կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորություն»։

Նշենք, որ թռիչքները կիրականացնի Akear Georgia-ն։

Վրաստանի ավիացիոն համալսարանին պատկանող Թելավիում գտնվող Էրեկլե Երկրորդի անունը կրող «Միմինո» օդանավակայանը բացվել է 2012 թվականին։ Օդանավակայանի տարածքում կառուցվել են օդանավերի սպասարկման գործարան, նավիգացիոն աշտարակ, ուղևորների համար օդանավակայանի շենք և օդաչուների հրահանգիչների և ինժեներական անձնակազմի համար նախատեսված հանրակացարան:

Այժմ այստեղ գործնական պարապմունքներ են անցնում թռիչքատեխնիկական ֆակուլտետի ուսանողները։