Զուրաբիշվիլին հանդիպել է Լիտվայի վարչապետին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լիտվա կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ընդգծվել է Վրաստանի նախագահի այցի կարևորությունը` հաշվի առնելով ինչպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, այնպես էլ` Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վճռական փուլը։

Զուրաբիշվիլին ընդգծել է Վրաստանի ինքնիշխանությանն ու եվրոպական ճանապարհին Լիտվայի մշտական ​​և ամուր աջակցության կարևորությունը։

«Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ուկրաինայում շարունակվող պատերազմի և ռուսական ագրեսիայի մասին։ Նախագահը ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին և նշել, որ Վրաստանը բազմիցս զգացել է ռուսական ագրեսիան և այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում։

Զրույցում խոսվել է Վրաստանի կողմից ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի ընդունման կարևորության մասին և նշվել է, որ դա պետք է լինի և՛ քաղաքական, և՛ արժանիքների վրա հիմնված որոշում»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Զուրաբիշվիլին նշել է՝ այսօր վրաց ժողովուրդը համախմբված է մեկ ընդհանուր նպատակի շուրջ, որը Վրաստանի եվրոպական ապագան է, և դա քայլ է դեպի ապաբևեռացում։

Ըստ տեղեկության՝ կողմերը քննարկել են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացը։ Նշվել է, որ Վրաստանը պետք է ամենաբարձր մակարդակով ներկայացված լինի ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։ Ընդգծվել է, որ Վրաստանը դաշինքի հուսալի գործընկերն է։