Առնվազն 2-3 ամսվա ցորենի ու ալյուրի պաշար կա. նախարար

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ կառավարությունը որոշել է ժամանակից շուտ հանել ցորենի արտահանման արգելքը:

Ըստ նրա՝ որոշման պատճառն այն է, որ երկրում սննդամթերքի անվտանգության առումով ռիսկեր չկան։ Նախարարի գնահատմամբ՝ այս պահին Վրաստանում մոտավորապես 2-3 ամսվա ցորենի և ալյուրի պաշար կա։

«Անցյալ տարվա ամռանը որոշում ենք կայացրել դադարեցնել ցորենի և գարու արտահանումը։ Այս որոշումը, անշուշտ, բխում էր նրանից, որ երկրում արտադրված արտադրանքը, ստեղծված իրավիճակից ելնելով, ամբողջությամբ օգտագործվել է տեղական կարիքների համար, և հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության ռիսկերը՝ այդ որոշումը, անշուշտ, արդարացված էր»,- ասել է Շամուգիան։