Դեսպան Յ. Վարդանյանը եղել է Սամցխե-Ջավախեթիում

Վրաստանում ՀՀ դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածել, ըստ որի դեսպան Յուրի Վարդանյանը աշխատանքային այցով եղել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, հանդիպել նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ:

Տեղեկատվության համաձայն` նահանգապետի հետ քննարկման թիրախում է եղել ս. թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել եւ հույս հայտնել, որ միջադեպերի մեղավորները արժանի պատիժ կստանան, և հստակ քայլեր կձեռնարկվեն` նման միջադեպերը հետագայում բացառելու ուղղությամբ:

Նահանգապետ Մաչուտաձեն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի իր անմիջական վերահսկողության տակ պահել միջադեպի առնչությամբ հարուցված երկու քրեական գործերի ընթացքը և զարգացումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հայկական կողմին: Յուրի Վարդանյանը այցելել է նաև Ախալքալաքի, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի, Ախալքալաքիի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի հետ, քննարկվել է Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող հարցերի լայն շրջանակ:

Թողնել պատասխան