Պորոշենկոն անօրինական առևտուր է արել բռնագրավված Աբխազիայի հետ. Սահակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին մեղադրում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի հետ «անօրինական, անբարո և հակավրացական» առևտրի և եկամուտներ ստանալու մեջ: 
Այս մասին Սահակաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Պյոտր Պորոշենկո` Ուկրաինայի նախագահ, մինչև 2010 թվականը եղել է արտաքին գործերի նախարար, 2010-ից հետո` էկոնոմիկայի նախարար և, միևնույն ժամանակ, «Բոգդան» գործարանի սեփականատեր: Սա այն ժամանակահատվածն է, երբ Ռուսաստանն օկուպացրեց մեր երկու տարածքները: Ռուսաստանը փորձում էր այնպես անել, որ ինչ որ մեկը ճանաչի այս տարածքները կամ ինչ որ հարաբերություններ ունենա նրանց հետ: Ուկրաինայի հետ մենք այդ ժամանակ վատ հարաբերություններ ունեինք, քանի որ Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության տակ էր: Յանուկովիչը չէր բացառում, որ Ուկրաինան հնարավոր է ճանաչի այդ տարածքները: Կասկածներ ունեի, որ Ռուսաստանի ազդեցությունից բացի, ինչ որ կոմերցիոն հետաքրքրություններ կային: Նոր տեղեկատվություն ստացա, որն ինձ ապշեցրեց: 2010-2014 թվականներին, էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Պյոտր Պորոշենկոյի «Բոգդան» կազմակերպությունը պաշտոնապես (փաստաթղթում գրված է) իր ապրանքանիշն արտահանել է բռնագրավված Աբխազիա: Պորոշենկոն եկամուտը ստացել է անօրինական, անբարո, հակավրացական և հակաուկրաինական առևտրից և խախտել է Ուկրաինայի և Վրաստանի օրենքներն ու միջազգային իրավունքը: Սա փաստագրված, պաշտոնական տեղեկատվություն է»,- գրել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահի խոսքերով, Պորոշենկոն պետք է բացատրություններ տա:

Թողնել պատասխան