Կվիրիկաշվիլին պատրաստ է հանդիպել սպանված դպրոցականների ծնողներին

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պատրաստ է հանդիպել սպանված դպրոցականների ծնողներին՝ նրանց հետ առանց քաղաքական գործիչների ներկայության քննարկելու հետաքննության ընթացքը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Կվիրիկաշվիլին ցուցարարներին հանդիպել է բողոքի ցույցի հենց առաջին օրը և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր առաջարկել: Նկատենք, սակայն, որ Կվիրիկաշվիլիին ցուցարարները թույլ չէին տվել խոսքն ավարտել։

«Սպանված երեխաների ծնողների ցանկության դեպքում վարչապետը պատրաստ է առանց քաղաքական նկրտումներ ունեցող անձանց ներկայության հանդիպել նրանց: Հանդիպմանը կարող է ներկա լինել նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան: Մամուլին հնարավորություն կտրվի հանդիպման ավարտին խոսել բոլոր կողմերի հետ»,- ըստ վարչապետի մամուլի ծառայության, ասել է Կվիրիկաշվիլին՝ կարևորելով գործի բացարձակ թափանցիկության ապահովումը։

Սպանված դպրոցականներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, ով դատարանի որոշումից հետո Թբիլիսիում արդեն 4-րդ օրն է աջակիցների հետ բողոքի ակցիաներ է անցկացնում, այսօր պատրաստվում է հանդիպել վարչապետին: Այս մասին նա հայտարարել է Ռուսթավելի պողոտայում երեկվա ցույցի ընթացքում: Ըստ նրա, սակայն, հանդիպմանը պետք է մասնակցեն նաև այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Հատկանշական է, որ ի սկզբանե երկրի արդարադատության դեմ փողոց դուրս եկած քաղաքացիներ պահանջին միացել են նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը։

Թողնել պատասխան