«Կոմերսանտ»-ի անդրադարձը Աբխազիայով և Հարավային Օսիայով առեւտրային միջանցքներին

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի՝ նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը առևտրատնտեսական տեսանկյունից որոշակի համաձայնությունների են եկել:

Զուրաբ Աբաշիձեն ռուսաստանյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «համաձայնել են, որ նոյեմբերի վերջին Շվեյցարիայում կկայանա Վրաստանի, Ռուսաստանի և Շվեյցարիայի ներկայացուցիչների նոր հանդիպում, որտեղ կքննարկվի 2011 թվականի համաձայնության մանրամասները»: Աբաշիձեն, դեռևս նոյեմբերի 17-ին հույս էր հայտնել, որ ընթացիկ ամսում շվեյցարական «SGS» կազմակերպության հետ համաձայնագիր կստորագրվի: Կազմակերպությունը զբաղվում է ստուգումներով և սերտիֆիկավորմամբ:

Նշենք, որ 2011  թվականի համաձայնագրի համաձայն, Վրաստանը զերծ է մնացել Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու վետոյի իր իրավունքն օգտագործելուց: Իր հերթին, Ռուսաստանը պարտավորվել է առևտրային միջանցքներ բացել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով:

Թողնել պատասխան