Ասիական բզեզի դեմ պայքարի համար 50 միլիոն լարի կծախսվի

Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին տեղեկացրել է, որ այս տարի ասիական բզեզի դեմ պայքարի համար կհատկացվի 50 մլն լարի։

Խանիշվիլին նշել է, որ նախատեսվում է գործողությունների երեք փուլ։

«Առաջին փուլը զանգվածային, ունիվերսալ մոնիտորինգն է Վրաստանի ամբողջ տարածքով և ֆերոմոնի տեղադրումը: Սկսած առաջին օրվանից, մենք կտեղադրենք շաբաթական մոտ 100 000 ֆերոմոն և ուժեղ հսկողության շնորհիվ կիմանանք, թե որտեղ և ինչ քանակի բզեզ կա։ Երկրորդ հիմնական սկզբունքն այն է, որ ֆերմերներն անձամբ հետևեն իրենց սեփական հողերին և պետության կողմից կստանան վերամշակման խորհուրդներ, թե երբ և ինչ քայլեր պետք է ձեռնարկվի բզեզի դեմ պայքարի համար։ Երրորդ կարևորագույն մասն այն է, որ պետությունը զարգացնում է տեխնիկան․ 2012-ին մենք ունեինք ընդամենը 12 մեքենա, իսկ 2018-ին կունենանք մոտ 152 մեքենա», — ասել է փոխնախարարը:

Ինչ վերաբերում է բյուջեի կառավարմանը, ապա մոտ 50 միլիոն լարի է հարկավոր տեխնիկայի, դեղերի և վառելիքի ձեռքբերման, սպասարկող անձնակազմի վարձատրության և այլնի համար:

Ըստ փոխնախարարի՝ ասիական բզեզի դեմ պայքարում բյուջեի ֆինանսավորման հետ մեկտեղ նախատեսվում է նաև դոնոր կազմակերպությունների ֆինանսավորումը:

Թողնել պատասխան