Վրաստանի ԱԳ նախարարն անդրադառնում է ռուսական անցագրային նոր կենտրոնի բացմանը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Թբիլիսիում ռուսական անցագրային նոր կենտրոնի բացումը տեխնիկական հարց է և կապ չունի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության հետ:

«Ռուսաստանը դեսպանատուն չունի Վրաստանում, բայց Շվեյցարիայի դեսպանատանը ներկայացվում է ռուսական շահերի մի հատվածը: Այդ իսկ պատճառով, նրանք իրավունք ունեն նման կենտրոն բացելու»,-այսպես է կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում երեկ տարածված հայտարարությունը մեկնաբանել նախարարը:

Նրա խոսքով, Շվեյցարիայի դեսպանության Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժնի կողմից վիզաների տրամադրման հարցում որոշ խնդիրներ առկա են:

«ՆԳՆ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկել այդ խնդիրները կանխելու համար, իսկ Շվեյցարիայի դեսպանությունը որոշել է բացել վիզաների սպասարկման կենտրոն»,-ասել է Զալկալիանին՝ անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստան մուտքի արտոնագրեր ստանալու համար հսկայական հերթերի և լարված իրավիճակի մասին հրապարակումներին:

Հիշեցնենք, որ ռուսական վիզա կենտրոնը բացվում է Թբիլիսիի Բեսիկի 4 հասցեում տեղակայված «Բիզնես կենտրոն Բեսիկ» շենքում:

Թողնել պատասխան