Գերմանիան քննարկում է Վրաստանն անվտանգ երկրների շարքին դասելու հարցը

Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի դաշնային կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Յան Հեկերի հետ:

Արտգործնախարարության մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Վրաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հեռանկարները, Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության, Գերմանիան դրական է գնահատել եվրատլանտյան հաստատություններում ներգրավվելու նպատակով Վրաստանի կատարած առաջընթաց քայլերը: Գերմանական կողմն ընդգծել է, որ ապագայում ևս ինտեգրման վերաբերյալ բոլոր հարցերում պատրաստ է աջակցել Վրաստանին:

Հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի համար ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին ձեռք բերված համաձայնագրի կարևորությունը: Կողմերը խոսել են նաև վերջին շրջանում այս ոլորտում առաջ եկած խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես ընդգծվել է վերջին շրջանում Գերմանիայում ապաստան փնտրող Վրաստանի քաղաքացիների թվի աճը:

Գերմանական կողմը հետաքրքրություն է հայտնել այս հարցում ևս համագործակցել Վրաստանի հետ: Դրա հետ մեկտեղ Հերկերին դրական է գնահատել խնդրի լուծման ուղղությամբ Վրաստանի նախաձեռնությունները: Կանցլերի խորհրդականը նշել է, որ ակտիվ քննարկվում է Վրաստանը անվտանգ երկրների շարքին դասելու հարցը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել օժանդակել վրաց-գերմանական համագործակցության զարգացմանը՝ միջազգային ձևաչափերում արդյունավետ աշխատանքի միջոցով:

Թողնել պատասխան