Վրաստանի ՊՆ ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան կժամանի

Հունվարի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը նախարար Իզորիային փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և հետագա հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ այս համատեքստում հատկապես կարևորելով ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։

Նախարար Իզորիան գոհունակություն է  հայտնել երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցության կապակցությամբ և հայտնել, որ այս տարի նախատեսված է իր պաշտոնական այցը Հայաստան։

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը և դեսպանության խորհրդական Կարեն Պարունակյանը։

Թողնել պատասխան