ԵԽԽՎ որոշ անդամներ կաշառակերության մեջ են մեղադրվում

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշ նախկին և ներկա անդամները, ամենայն հավանականությամբ, կաշառք են վերցրել Ադրբեջանի իշխանությունների շահերի լոբբինգի համար»,- այս մասին ասվում է անկախ փորձագետների հրապարակած հաշվետվությունում:

Նշվում է, որ Բունդեսթագի նախկին պատգամավոր, 1999 թվականից մինչև 2010 թվականը ԵԽԽՎ անդամ եղած Էդուարդ Լինտները Ադրբեջանի գլխավոր լոբբիստն է եղել:

2012-2014 թվականներին գերմանացի քաղաքական գործչին Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունների օգնությամբ 519 հազար եվրո են փոխանցել Բաքվից:

Կաշառակերության մեջ կասկածվող հաջորդ քաղաքական գործիչը Կարին Շտրենցն է: Հաշվետվության համաձայն՝ Էդուարդ Լինտները սեփական ընկերությունում աշխատանքի է ընդունել Կարին Շտրենցին, որը ֆինանսավորվել է Բաքվից և զբաղված է եղել Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ:

Անկախ փորձագետների հաշվետվությունում նշված է նաև ԵԽԽՎ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» խմբակցության նախկին ղեկավար Լուկա Ոլոնտի անունը: 2016 թվականին նրա գործով նախնական հետաքննություն է անցկացվել՝ Ադրբեջանի կառավարությունից 2 մլն եվրոյի չափով կաշառք վերցնելու համար:

Հատկանշական է, որ 2015 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն չի ընդունել Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ քննադատական բանաձևը:

Թողնել պատասխան