Դիմորդները քննության ժամանակ անվտանգ միջավայրում կլինեն

Վրաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը պատրաստ է  2020 թվականի ազգային քննություններն անցկացնելուն: Այս մասին հայտարարել է փոխնախարար Նունու Միցկևիչը: Դիմորդները, ուսուցիչներն ու ապագա մագիստրոսները քննությունները կհանձնեն անվտանգ միջավայրում: Նա նշել է նաև, որ քննական հարթակում ապահովված կլինի սոցիալական հեռավորությունը, յուրաքանչյուր սեղան վահաններով պաշտպանված կլինի, տարածքը կօդափոխվի, քննության ընթացքում նաև սանիտարական դադար կլինի:

Փոխնախարարը խոսել է նաև օդորակիչ միացնելու մասին: Նրա խոսքով՝ մոտ օրերի ընթացքում հայտարարություն կտարածեն այն մասին, թե արդյո՞ք քննական լսարաններում կգործեն օդորակիչ սարքերը: Սենյակները կօդափոխվեն երկու անգամ քննություններից առաջ ու ընթացքում կազմակերպած դադարի ժամանակ:

Հիշեցնենք՝ քննությունները կանցկացվեն հուլիսի 6-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, դիմորդները թերմոսկրինինգ կանցնեն տեղում, այնուհետև կտեղափոխվեն լսարաններ, որոնք նախատեսված կլինեն յուրաքանչյուրը՝ 10 դիմորդի համար:

Վրաստանի ընդունելության քննությունները համաճարակի պայմաններում. կարծիքներ