Վրաստանի ընդունելության քննությունները համաճարակի պայմաններում. կարծիքներ

Շաբաթներ առաջ պարզ դարձավ Վրաստանում ԲՈՒՀ֊երի ընդունելության՝ միասնական ազգային քննությունների ամսաթիվը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ պայմանավորված սահմանափակումները։

Այսպիսով, քննությունները կանցկացվեն հուլիսի 6-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, դիմորդները թերմոսկրինինգ կանցնեն տեղում, այնուհետև կտեղափոխվեն լսարաններ, որոնք նախատեսված կլինեն յուրաքանչյուրը՝ 10 դիմորդի համար:

Քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս կովիդ 19-ի տարածման պայմաններում  օդորակիչներ կիրառել, քննության ընթացքում բաց կլինեն լսարանների պատուհանները: Սրա հետ մեկտեղ, քննությունը հանձնելու ընթացքում, իսկ դա նվազագույնը 1,5 ժամ է, դիմորդները ստիպված կլինեն դիմակ դնել:

Հարցի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ դիմորդների կողմից, հատկապես սոցցանցերում, ինչին արձագանքել էր նաև երկրի գլխավոր վարակաբար Ամիրան Գամկղրելիձեն.

«Դիմակ դնելը չի կարող հանդիսանալ այնպիսի անհարմարություն, որ դրա պատճառով հետաձգենք ազգային քննությունները»,— հայտարարել էր նա:

Այսօր՝ հունիսի 25-ին, Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ ընդունելության քննություններին, հնարավոր է, դիմորդներին հնարավորություն տրվի առանց դիմակ լինելու իրենց գրասեղանների մոտ: Փոխնախարարը նշել է, որ նշված հարցի վերաբերյալ աշխատանքներ են ընթանում և վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերին:

Հաշվի առնելով, որ ուսումնական տարեվերջին ԿԳ նախարարությունը չեղարկեց դպրոցի ավարտական քննությունները, փաստացի սա այս տարվա դիմորդների համար առաջին լուրջ քննությունն է, որը կարող է բազմաթիվ հոգեբանական բարդություններ առաջացնել: Թեմայի հետ կապված զրուցել ենք հոգեբան Թեո Գուբիանուրիի հետ:

«Աբիտուրիենտ լինելու շրջանն ինքնին էմոցիոնալ առումով բարդ շրջան է դեռահասների համար: Այսօրվա դրությամբ նրանց իրավիճակը մոտավորապես այսպիսի պատկեր ունի՝ ուսումնական նյութերն ուսումնասիրելու և քննություններին սպասելու սովորական մարտահրավերներին գումարվում է նաև համաճարակային իրավիճակը: Կարանտինի շրջանն անսովոր էր բոլորի, հատկապես դիմորդների համար: Անհանգստության համար լրացուցիչ պատճառ դարձավ այն, որ երկար ժամանակ անհայտ էր քննությունների հստակ ամսաթիվը՝ չգիտեին արդյո՞ք կունենան քննություն հանձնելու հնարավորություն, ի՞նչ ձևաչափով կանցկացվեր այն և այլն»։

Հոգեբանի գնահատմամբ՝  առանց այն էլ ծանր սթրեսային իրավիճակում քննություն հանձնելը մեծ մարտահրավեր է յուրաքանչյուր դիմորդի համար,  քննության ընթացքում դիմակ դնելն էլ հավելյալ մարտահրավեր է դառնում:

«Պետք է հիշենք դիմորդների տարիքային յուրահատկությունների մասին: Հնարավոր է՝ բարդություններ առաջանան զգացմունքների վերահսկման հետ կապված: Ելնելով միջավայրից ( օդի բարձր ջերմաստիճանն առաջացնում է թթվածնի պակաս)՝ դիմորդը կդժվարանա կենտրոնանալ քննական նյութի ու հարցերի վրա, փոխարենը ուշադրություն կդարձնի շոգի ու շնչառական խնդիրների վրա»։

Դիմորդների կարծիքները հարցի հետ կապված միանշանակ չեն: Ժաննա Չոգանդարյանն ասում է՝ չնայած բոլոր դժվարություններին, ուրախ է, որ քննություն հանձնելու հնարավորություն են ստացել։

«Ճիշտ է՝ դժվար կլինի 3 ժամից ավելի դիմակով քննություն հանձնել նման պայմաններում, բայց ես ուրախ եմ, որ մեր  քննություններն, այնուամենայնիվ, չտուժեցին համաճարակի պատճառով, և որ կարող ենք նորմալ ընդունվել համալսարան»,- ասում է Ժաննան:

Դիմորդները համաճարակի մասին խոսելիս շեշտում են նաև այն հանգամանքը որ փաստացի անհատական պարապումնքներից զուրկ են եղել կարանտինի ընթացքում:

«Հիմա ես եմ և՛ իմ ուսուցիչը, և՛ իմ օգնականը, իսկ մինչև կարանտինն անհատական էի պատրաստվում քննություններիս: Օգտվում եմ միայն համացանցում եղած նյութերից, գրքերից և արդեն ուսանողների կողմից ինձ տրամադրած թեստերից»։

Ժաննայի կարծիքը կիսում է նաև Ջավախքցի դիմորդ Սուսաննա Սրապյանը.

«Ապահովության համար արժի դնել դիմակ: Բայց պատկերացնում եմ, թե որքան անհարմարություն կպատճառի դիմակը, սրա հետ մեկտեղ շոգը՝ օդորակիչների բացակայության պատճառով»,- Ալիք Մեդիայի հետ զրույցում ասում է Սուսաննան:

Իսկ դիմորդ Յաժյան Ռոզան գտնում է, որ դիմակ դնելու կարիք չկա.

«Եթե նախքան քննությունը մեզ ջերմաչափեն, այլևս դիմակ դնելու կարիք չի լինի, այդպես ավելի հանգիստ կհանձնենք քննությունը»:

Հարկ է նշել, որ քննասենյակ մուտք գործելուց առաջ դիմորդները պարտադիր կարգով պետք է թերմոսքրինինգ անցնեն: Հաշվի առնելով, որ սթրեսի ֆոնին հնարավոր է նրանց ջերմությունը բարձր լինի, Հիվանդությունների վերահսկման կենտրոնն առաջարկում է անվճար հանձնել կորոնավիրուսի թեստ՝ բժշկի ցուցման դեպքում: Սրա հետ մեկտեղ, եթե դիմորդը կից ներկայացնի բժշկական փաստաթուղթ առ այն,  որ դիմակ չդնելու լուրջ հիմքեր ունի, օրինակ՝ որոշակի շնչառական հիվանդություններ, նրան հնարավորություն կտան քննությանը մասնակցել առանց դիմակի: