Էլիսո Կիլաձեի որդին հացադուլ է հայտարարել

«Քրոնիկա +» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեի որդին` Դավիթ Խարշիլաձեն, ով գտնվում է նախնական կալանքի տակ, հացադուլ է հայտարարել:

Դավիթ Խարշիլաձեին իրավապահները ձերբակալել են 2 օր առաջ: Նա մեղադրվում է մեծ քանակությամբ թմրանյութ ձեռք բերելու և պահելու մեջ: Խարշիլաձեն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ժամեր առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան 2 ամիս ժամկետով նախնական կալանքի է ենթարկել:

Դատական նիստի ժամանակ Խարշիլաձեն հայտարարել է, որ ձերբակալման ժամանակ կիրառվել է անհամաչափ ուժ: Նրա խոսքերով` ձերբակալումից հետո իրեն թույլ չեն տվել կապ հաստատել փաստաբանի հետ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին:

Թողնել պատասխան