Թբիլիսիում կհայտնվեն գիշերային ավտոբուսներ

Թբիլիսիում շաբաթվա որոշակի օրերին հասարակական տրանսպորտը կաշխատի նաև գիշերային ժամերին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ հավելելով, որ առաջին փուլում խոսքը վերաբերում է միայն ուրբաթ և շաբաթ օրերին:

Լրագրողների խնդրանքով Կալաձեն անդրադարձել է ընդհանրապես Թբիլիսիի գիշերային տնտեսության զարգացման ուղղությամբ կատարված քայլերին։

«Հոկտեմբերին նախատեսում ենք միջազգային նշանակության ֆորում անցկացնել, որին կմասնակցեն տարբեր երկրների  այսպես ասած գիշերային քաղաքապետերը: Մենք կքննարկենք, թե այս ուղղությամբ ինչ  քայլեր են ձեռնարկվել այլ երկրներում: Առաջին ծրագիրը օրինակ ավտոբուսների թվի ավելացումն է, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին ավտոբուսները կաշխատեն նաև գիշերային ժամերին: Սա կիրականացնենք սեպտեմբերի կեսերից»,-ասել է Կալաձեն՝ նշելով, որ քաղաքային իշխանություններն աշխատում են նաև այլ կարևոր ծրագրերի վրա։