Կվիրիկաշվիլին Փաշինյանին հրավիրել է Վրաստան

Հայկական կողմի նախաձեռնությամբ` Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև մայիսի 11-ին կայացել է հեռախոսազրույց:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա ավանդական բարիդրացիական հարաբերությունների առավել խորացման կարևորությունը:

Հայաստանի վարչապետն, իր հերթին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նրա խոսքով՝ կարևոր է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկ կապերին:

Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները:

Տեղեկացնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստան է հրավիրել վրացի իր գործընկեր Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ հույս հայտնելով, որ  նման հրավեր կստանա նաև Վրաստանից:

Թողնել պատասխան