Հայաստանի Agile Spirit 2017-ին չմասնակցելը խորքային գնահատականների արդյունք է․ Ա․Զաքարյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հակադարձում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարությանն այն մասին, որ ի սկզբանե Հայաստանը հայտարարել է Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկող Agile Spirit-2017 բազմազգ զորավարժություններին մասնակցության մասին, ապա վերջին պահին հրաժարվել: «Մենք երբեք, ոչ մի փուլում չենք հաստատել մեր մասնակցությունը»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Տեղեկացնենք՝ Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան լրատվամիջոցներին նախօրեին՝ զորավարժությունների բացմանը փոխանցել էր․«Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ», -հայտարարել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:

Հարցին, թե որն է պատճառը, որ ՀՀ ՊՆ-ն հրաժարվել է այդ զորավարժությունների մասնակցությունից, Հովհաննիսյանը պատասխանել է․ «Այդ ձևաչափի ոչ բոլոր զորավարժություններին է, որ մենք մասնակցում ենք»։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը ևս  անդրադարձել է հարցին՝ նշելով, որ  լրատվամիջոցները արհեստական նշանակություն են տալիս Հայաստանի հրաժարվելուն: «Զորավարժություններին մեր մասնակցությունը ոչ թե սիտուացիոն է, այլ խորքային գնահատականներից ելնելով։ Արտառոց բան չկա: Դա չի նշանակում, որ մեր գործընկերությունը նվազում է, կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին»,-ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարարը։

Թողնել պատասխան