Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կրկին խախտվել է

ԼՂ ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ:  

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային` Թալիշի ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային մեկ զինծառայող, կան վիրավորներ: Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մեկ այլ զինծառայող մահացու հրազենային վիրավորում է ստացել:

ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն հրապարակել է ապրիլի 2-ից 8-ը շփման գծում զոհված զինծառայողների անունները` ըստ նախարարության հայկական կողմը 44 զոհ է տվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իր հերթին հայտարարել է, որ հայկական զինուժը նախօրեին 110 անգամ կրակ է բացել, օգտագործել ականանետներ և մեծ տրամաչափի զինատեսակներ, ինչին ի պատասխան` Ադրբեջանը 114 անգամ պատասխան կրակ է բացել: Ադրբեջանը հերքում է նաև հայկական բնակավայրերի վրա կրակահերթեր բացելու մասին լուրերը, որոնք իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ռիա նովոստի»  գործակալությունը` հղում անելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանին` գրում է, որ հակամարտող կողմերն` ապրիլի 8-ին կրակը վերջնականապես դադարեցնելու և զոհվածների մարմինների որոնման ասշխատանքեր սկսելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Թողնել պատասխան