Ճապոնիան Վրաստանին վարկ է տրամադրել Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու կառուցման համար

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն, միջազգային գործակալության փոխնախագահ Նորիկո Սուզուկին և Վրաստանի Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու կառուցման ծրագրի վարկային պայմանների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել:

Ֆինանսների նախարարության փոխանցմամբ, ծրագիրը ֆինանսավորելու համար Ճապոնիայի կառավարությունը միջազգային համագործակցության գործակալության միջոցով Վրաստանին վարկի տեսքով 343 միլիոն դոլար կտրամադրի:

Ծրագիրը ենթադրում է Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու` Շորապան-Արգվեթի ճանապարհահատվածի շինարարությունը: Նշվում է, որ աշխատանքներում կօգտագործվեն ճապոնական տեխնոլոգիաներ: