Երեկվա օրը համառոտ. հունիսի 16

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ վրաստանյան քաղաքականությանը։

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) նախկին նախագահ Նիկա Մելիան հայտարարություն է տարածել և նշել, որ ՄԱՇ-ն ակնհայտորեն վերածվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության:

Վրաստանի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան միանում է կիրակի օրը՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ին խորհրդարանի մոտ նախատեսված կենդանիների իրավունքների պաշտպանության ակցիային:

Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը կասեցրել է ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության 25 տոկոս բաժնեմասը աշխատակիցներին փոխանցելու մասին դիմումը։

Վրաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ կենտրոնացած է հավասարակշռված, գործընկերային հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վրա:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ուսումնասիրել է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետների (Ախալցիխե, Նինոծմինդա, Ախալքալաք, Ասպինձա, Ադիգենի և Բորջոմի) պաշտոնյաների 2022-2023 թվականների հայտարարագրերը:

Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության հանքափորներից մեկն ի նշան բողոքի կարել է բերանը:

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը կասեցրել է «Ամբասադոր Բաթումի Այլենդ» ՍՊԸ-ի արհեստական ​​կղզու կառուցման հետ կապված հայտի քննարկումը՝ ընկերությանը խնդրելով լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել։

Ռուսաստանը և Վրաստանից չվերահսկվող Աբխազիան Սոխումիի օդանավակայանի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին:

Վրաստանի Կախեթիի մարզի Գուրջաանիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևից ու փոթորկից հետո մաքրման ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում։

Վրաստանի խորհրդարանն ընդունել է պարապլաներային թռիչքները կանոնակարգող օրենք։

Մառնեուլիում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող խորհուրդը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել։

Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն Ախալցիխեի Օրփոլո պոլիգոնում պլանային դաշտային վարժանքների ժամանակ կայծակնահարվել է։

Իտալական «Նապոլի» թիմի վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ չի մասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։