Վարժանքների ժամանակ փոխգնդապետը կայծակնահարվել է

Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն Ախալցիխեի Օրփոլո պոլիգոնում պլանային դաշտային վարժանքների ժամանակ կայծակնահարվել է։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ-ն:

Ըստ ՊՆ-ի՝ ստորաբաժանման զինվորական բժիշկները տուժած սպային տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել և անմիջապես տեղափոխել Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց: Տեղեկության համաձայն, այս պահին հիվանդը վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:

ՊՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ ռազմական ոստիկանության վարչության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բաժնում հետաքննություն է սկսվել։