Ի աջակցություն Ուկրաինայի․ ցույց խորհրդարանի մոտ

Վրաստանի խորհրդարանի դիմաց «կանաչների» շարժումը կազմակերպել է համերաշխության ցույց՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Նրանք ծածանել են Ուկրաինայի դրոշը՝ զարդարված դեղին ծաղիկներով, ծաղկեպսակներ դրել ապրիլի 9-ի հուշարձանին՝ ի հիշատակ Ուկրաինայում զոհված վրացի զինվորներին։

Ցուցարարները հայտարարել են, որ խորհրդարանի շենքի դիմաց կտեղադրվի արկղ, որտեղ կհավաքվեն ու կուղարկվեն Վրաստանի քաղաքացիների՝ Ուկրաինայի քաղաքացիներին ուղղված նամակները։ Օրվա ընթացքում կհնչեն Ուկրաինայի օրհներգը և ուկրաինական երգերը։

«Այսօր ուղիղ մեկ ամիս է, ինչ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Այս ողբերգությունը Վրաստանի քաղաքացիները կիսում են այնքան, որքան իրենք՝ ուկրաինացիները։ Ցավոք, Վրաստանի կառավարությունը չի կարողացել արդյունավետ քայլեր ձեռնարկել ուկրաինացիներին աջակցելու համար, ուստի, քաղաքացիները դեռ պետք է կանգնեն ուկրաինացիների կողքին»,- ասել է հանրահավաքի կազմակերպիչներից Սոփո Շուբիթիձեն։