ՄԱՇ-ը վերածվում է «Վրացական երազանքի». Մելիա

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) նախկին նախագահ Նիկա Մելիան հայտարարություն է տարածել և նշել, որ ՄԱՇ-ն ակնհայտորեն վերածվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության:

Ըստ Մելիայի՝ նրանք, ովքեր խոստացել էին բանտարկությունից ազատել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, դարձել են վերջինիս ազատազրկման ժամկետը երկարացնելու երաշխավորը.

«Նա (ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլին-խմբ.) ստեղծել է Միխեիլ Սաակաշվիլիի փրկության շտաբ, նշանակել ղեկավար, իսկ գրասենյակներն անվանել «Սաակաշվիլիի փրկության շտաբ»…

Նրանք հայտարարեցին, թե անցնում են «արտակարգ աշխատանքի», բայց մենք բացի «ակտիվ» ղեկավարության անգործությունից ոչինչ չենք տեսնում, կուսակցությունը քայքայելու ճանապարհին հանցավոր գործունեություն է նշմարվում»,- նշել է Մելիան: