Իվանիշվիլիի պարտությունից հետո ևս ընդդիմադիր երկու ուժերը հակառակորդներ կմնան․ Բոկերիա

«Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից Գիգա Բոկերիան վստահեցրել է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հնարավոր հաղթանակի դեպքում ևս հիշյալ կուսակցությունները մնալու են քաղաքական հակառակորդներ։

«Իվանիշվիլիի պարտությունից հետո անգամ (նկատի ունի, եթե Իվանիշվիլիի հիմնադրած իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին պարտվի նախագահական ընտրություններում, խմբ․) մենք և ՄԱՇ-ը կշարունակենք հակառակորդներ մնալ»,- ասել է Բոկերիան:

Interpressnews-ին «Եվրոպական Վրաստան»-ից ասել են, որ նախագահական պայքարում միավորվելու մասին իրենց դիրքորոշումը հայտնի էր նաև մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը։

«Այսօր մեր և ողջ վրաց ժողովրդի խնդիրը Սալոմե Զուրաբիշվիլիի պարտությունն է, այնուհետև Իվանիշվիլիի ռեժիմի խաղաղ, ընտրությունների ճանապարհով հեռացումը: Սրան հասնելու համար անհրաժեշտ է Գրիգոլ Վաշաձեի հաղթանակը, որից հետո տեղի կունենան ընտրական օրենսգրքի բարեփոխումներ՝ անցում համամասնական համակարգի, որպեսզի որևէ մի ուժ չունենա այնպիսի իշխանություն, ինչպիսին ուներ «Ազգային շարժումը» վարդերի հեղափոխությունից հետո կամ առավել ևս Իվանիշվիլին այսօր»,- հայտարարել է Բոկերիան։

Բոկերիան, ով նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իր մի խումբ համախոհների հետ հեռացավ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում»-ից, ասել է, որ երկրի քաղաքացիները 2-րդ փուլից հետո հնարավորություն կունենան որոշել, թե որ կուսակցությունը լինի իշխանության ղեկին, որը՝ ընդդիմադիր դաշտում։