Թբիլիսիի նպատակը հայ-ադրբեջանական երկխոսության զարգացումն է

Վրաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ կենտրոնացած է հավասարակշռված, գործընկերային հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վրա:

ԱԳ նախարարը խոսել է «Խաղաղ հարևանության նախաձեռնության» շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի մասին։

Ըստ նախարարի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարած այս նախաձեռնության նպատակը հարևանների միջև երկխոսության զարգացումն է, և այս գործընթացում հստակ սահմանված է Վրաստանի բնական դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում։

Նախարարը խոսել է Ադրջեջանի և Վրաստանի միջև առկա ռազմավարական գործընկերության մասին։ Այդ կապակցությամբ Դարչիաշվիլին հատուկ շեշտել է Սևծովյան սուզանավային մալուխի նախագիծը։

Նրա խոսքով, այս նախագիծը, որը նախաձեռնել է Վրաստանը, ունի ռազմավարական նշանակություն և մեծ հնարավորություններ է ընձեռում Վրաստանին և հարևան երկրներին ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրամիության էներգետիկ անվտանգության ամրապնդման առումով։

Բացի այդ, Դարչիաշվիլին խոսել է նաև Հայաստանի Հանրապետության հետ առկա հարաբերությունների մասին։ Դարչիաշվիլին ընդգծել է՝ Վրաստանը ապագայում կշարունակի իրականացնել հարևան երկրների հետ ընդհանուր շահերին համապատասխանող նախագծեր: