Մայիսի 3-ի վրաստանյան մամուլի տեսություն

Մայիսի 3-ին վրաստանյան մամուլը առավելապես անդրադարձավ մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված շնորհավորանքներին:

Մասնավորապես «kvira.ge» պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել են լրագրողներին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Պարբերականի փոխանցմամբ` նախագահ Մարգվելաշվիլին լրագրողներին հաջողություն է մաղթել, ինչպես նաև հարգել է աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ զոհված լրագրողների հիշատակը: Նախագահը նաև հայտարարել է, որ առանց լրագրողների աշխատանքի հնարավոր չէ պետության արդյունավետ գործունեությունը:

Իր հերթին Վրաստանի կառավարության ղեկավարը մամուլի ազատությունը համարում է ժողովրդավարական սկզբունքնների հիման վրա պետության զարգացման հիմք: Մամուլում խոսվեց նաևՎրաստանի արդարադատության նախարարության հայտարարության մասին, առ այն, որ մայիսի 26-ից հունիսի 26-ը ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիներին նույնականացման` ID քարտեր կտրմադրվեն անվճար: Վրաստանի Արդարադատության նախարարի հրամանագրի համաձայն` «ընտրացուցակների բարելավման նախագիծ-2» ծրագիրը մայիսի 26-ից նոր գործառույթ կիրականացնի. մեկ ամսվա ընթացքում  վրացական ID քարտեր ցանկացողները այն կստանան անվճար: Սա, ըստ նախարարության, կնպաստի ընտրողների տվյալների ճշգրտման գործընթացին:

«2015 թ. հոկտեմբերից գործող ծրագիրը հնարավորություն կտա Վրաստանում անկախությունից ի վեր, 2016 թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ունենալ ամենաորակյալ ընտրացուցակները»,- հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Տեղեկացնում է «frontnews.ge» պարբերականը:

Վրաստանյան մամուլում ակտիվորեն քննարկվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները: Մասնավորապես` «Kvira.ge» պարբերականը մի քանի հոդվածով անդրադարձավ թեմային, որտեղ ասվում էր, որ Հայաստանը և Ադրբեջանը մեղադրում են միմիանց` Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնությունը խախտելու մեջ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն`հայկական կողմը, մայիսի լույս 3-ի գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է 116 անգամ, իսկ Ադրբեջանի զինված ուժերը պատասխան կրակ են բացել 118 անգամ: Իր հերթին Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խախտել է համաձայնագիրը` օգտագործելով 82 մմ-անոց ականանետեր»- գրված է հոդվածում:

Պարբերականը նաև տեղեկացրեց, թե Ադրբեջանը սպառնացել է Հայաստանին, որ ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման դեպքում Ադրբեջանը կդադարեցնի բանակցությունները: Պարբերականը հղվում է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարության վրա. «Ադրբեջանի գրավված տարածքներում անջատողական վարչակարգի ճանաչումը Երևանի կողմից կլինի Մինսկի խմբի կողմից մեկնարկած խաղաղարար գործընթացի մերժումը» ,-հայտարարել է Հաջիևը:

Իր հերթին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին հայտարարությունը հերթական սադրանքն է, տեղեկացնում է «kvira.ge»-ին:

«Interpressnews» պարբերականը անդրադարձավ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների քննարկմանը, որտեղ գլխավոր թեման է եղել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության համակիր պատգամավորներին` պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Նշվեց, որ քննարկման ընթացքում բախում է եղել իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Առճակատման պատճառով հանձնաժողովի նիստը հետաձգվել է:

Վրաստանի արևելք-արևմուտք մայրուղու 7 կմ ճանապարահատվածը կգործի մայիս ամսից: Մայրուղու 12 կմ երկարությամբ, 4 ճանապարահային գոտուց բաղկացած Ագարա-Զեմո-Օսիաուրիի երկայնքով անցնող ճանապարահատվածը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Մայիսի 3-ին Վրաստանի ճանապարհային վարչության ու Համաշխարհային Բանկի (ՀԲ) ներկայացուցիչները այցելել են շինհրապարակ: Վարչության անդամները տեղեկացրել են, որ ՀԲ-ի ներկայացուցիչները արդեն մի քանի օր է` վերահսկում են մայրուղու շինարարության գործընթացը: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը ակտիվորեն ներգրավված է արևելք-արևմուտք ավտոմայրուղու ֆինանսավորման գործում և ընդհանուր առնմամբ ճանապարհի զարգաման համար առաջարկել է հատկացնել 367 մլն. դոլարի ներդրում: Հավելենք, որ աշխատանքներն իրականացվում է «Black Sea Group» շինարարական ընկերության և Քուվեյթի «Copri» շինարարական ձեռնարկության համատեղ ջանքերով, տեղեկացնում է «agenda.ge»-ն:

Թողնել պատասխան