Մայիսի 4-ի վրաստանյան մամուլի տեսություն

Մայիսի 4-ին վրաստանյան մամուլում առավելապես խոսվեց երկրի Զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումների և շնորհավորանքների մասին:

«Interpressnews»-ի փոխանցմամբ` Վրաստանի Վազիանի բնակավայրի 4-րդ մեխանիզացված բրիգադի ռազմաբազայում տեղի է ունեցել Վրաստանի Զինված ուժերի 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառում: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին շնորհավորել է երկրի քաղաքացիներին` տոնի կապակցությամբ` նշելով, որ «Վրացական բանակը և Վրաստան պետությունը հասակակիցներ են»:

Տոնի կապակցությամբ շնորհավորանքի խոսքով են հանդես եկել եւ ուղերձներ հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին եւ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Վրաստանում ՀՀ դեպսանատան ֆեյսբուքյան էջից պարզում ենք, որ պաշտոնական միջոցառմանն են մասնակցել դեսպան Յուրի Վարդանյանը եւ Վրաստանում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:

Վրաստանը ընտրվել է «Բաց կառավարման գործընկերության»` OGP-ի համանախագահող երկիր: Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ` որոշումը կայացվել է ձայների մեծամասնությամբ՝ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում: Համանախագահության թեկնածու երկրներ են եղել Խորվաթիան, Ռումինիան և Վրաստանը: Հարավային Աֆրիկան ստեղծվելուց ի վեր գլխավորել է «OGP»-ի կոմիտեն:

«Բաց կառավարման գործընկերության» համանախագահ երկրի կարգավիճակը նկատի ունի կարևոր հնարավորություններ և պարտականություններ: Վրաստանը կմասնակցի գործընկերության ռազմավարական ուղղությունների մշակման գործընթացին և հնարավորություն կունենա միջազգային ասպարեզում ներկայացնել իր իսկ Կառավարության թափանցիկ աշխատանքը` տեղեկացնում է «kvira.ge» պարբերականը:

Միեւնույն պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ձերբակալվել է Վրաստանի 4 քաղաքացի: Ձերբակալությունը տեղի է ունեցել Ախալգորիի և Զնաուրիի շրջաններում: Վերջիններս Թբիլիսիի, Մցխեթայի և Քարելիի բնակիչներ են:

«Interpressnews» պարբերականը, անդրադառնալով տեղի ունեցածին գրեց, որ բացի նշված 4 անձից, ձերբակալվել է Վրաստանի ևս 3 քաղաքացի.

 «Ցխինվալիի տիկնիկային ռեժիմը հայտնել է Վրաստանի 3 քաղաքացու ձերբակալման մասին: «Res» գործակալությունը, հղվելով այսպես կոչված անվտանգության կոմիտեին, տեղեկություն է տարածել, որի համաձայն Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են այսպես կոչված` սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Նրանք` Գորիի, Տախտիձիրիի և Ճվրինիսի բնակիչներ են: Օսական կողմը պնդում է, թե ձերբակալվածներին Ցխինվալի-Էրգնեթի անցակետում փոխանցել են վրացական կողմին»,-եզրափակում է հոդվածը:

«Frontnews»-ի փոխանցմամբ` Վրաստանի մշակույթի կենտրոնի նախագահ Դավիթ Օքիտաշվիլին, «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում լուսանկար է ներկայացրել, որտեղ` ըստ նրա, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ: Օքիտաշվիլիի խոսքերով` Վրաստանի նախկին նախագահը այնպիսի վատ վիճակում է եղել, որ նրան ստիպված են եղել նստեցրել պատրիարքի համար նախատեսված աթոռին:

«Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման գործընթացը դեռևս շարունակվում է: Կուսակցության առաջնորդ Գիորգի Վոլսկիի պարզաբանմամբ` նախընտրական ցուցակի հրապարակումը կապ չունի մայիսի 14-ին նախատեսված կուսակցության համագումարի հետ: Նրա խոսքերով` «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ցուցակի հետ կապված աշխատանքը իրականանում է ինչպես գործող պատգամավորների, այնպես նաեւ հնարավոր նոր դեմքերի ներգրավման հնարավորությամբ, տեղեկացնում է «kvira.ge» պարբերականը:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ` Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարը կանխատեսում է ազգային արժույթի ամրապնդում: Մայիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Դիմիտրի Քումսիշվիլին խոսել է 17 տոկոսանոց տենտեսական աճի և «Check in Georgia»-ի կարևորության մասին: Գերատեսչության ղեկավարը ակնկալում է զբոսաշրջիկների հոսք, ինչը,  նրա կարծիքով, կհանգեցնի արտարժույթի ծավալների ավելացման:

«kvira.ge» պարբերականի փոխանցմամբ` Քումսիշվիլին հայտարարել է, որ նախորդ ամիս Վրաստան է այցելել 462 հազար միջազգային այցելու: Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլիի խոսքերով` նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատ 17%-ի աճ է արձանագրվել, այդ ցուցանիշը ընթացիկ տարվա առաջին քառամսյակում հասել է 1.383.000 այցելուի:

Թողնել պատասխան