Վրաստանի կրոնական համայնքներին տրվող ֆինանսավորումն ավելանում է

Վրաստանի կառավարությունը 2022 թվականին կավելացնի մի շարք կրոնական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորումը 1 միլիոն լարիով (325 հազար դոլար)՝ հասցնելով 5,5 միլիոն լարիի (մոտ 1,8 միլիոն դոլար):

Խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ կրոնական խմբերին հասցված նյութական ու բարոյական վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով պետությունը պահուստային ֆոնդից կհատկացնի 1 մլն լարի, որը Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը կբաշխի կրոնական միությունների միջև։ Գումարը կբաշխվի ըստ ծխականների, հոգևորականների, աղոթատեղիների թվի և այլն:

Նշենք, որ վրաց ուղղափառ եկեղեցին երկար տարիներ եղել է միակ կրոնական կազմակերպությունը, որը ֆինանսավորվել է պետական ​​բյուջեից։

2014 թվականին այս իրավիճակը փոխվեց. կառավարության որոշմամբ պետությունից սկսեցին օգնություն ստանալ նաև չորս այլ կրոնական կազմակերպություններ՝ Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ինչպես նաև հրեական և մահմեդական կրոնական համայնքները։