Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո Մարգվելաշվիլին մեկնել է Բրյուսել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Անկարայում մասնակցել է Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Գիորգի Մարգվելաշվիլին թուրք գործընկերոջը շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 20  պետության առաջնորդ: Վրաստանի պատվիրակությունը գործընկերների հետ խոսել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վերաբերող հարցերի շուրջ:

Տոնական միջոցառումների շրջանակներում երդմնակալության արարողությունից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետությունների ղեկավարներին հրավիրել է պաշտոնական ընթրիքի:

Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Անկարայից ուղևորվել է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Հատկանշական է, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն մակարդակով հանդիպում է տեղի ունենալու պետությունների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ խոսվելու է նաև Վրաստանի անվտանգության մարտահրավերների, պաշտպանունակության և այդ համատեքստում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հետագա ամրապնդման շուրջ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի նախագահը Բրյուսելում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:

Թողնել պատասխան