ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունվել է Վրաստանի պատվիրակության բանաձևը

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և անվտանգության հանձնաժողովը Վրաստանի պատվիրակության կողմից նախաձեռնած բանաձևն ընդունել է ձայների մեծամասնությամբ:

Վրաստանի խորհրդարանից տեղեկացնում են, որ վրաստանյան պատվիրակության ղեկավար Սոֆիո Քացարավան ներկայացրել է «օգոստոսյան պատերազմից 10 տարի անց» վերտառությամբ բանաձևը: Փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ` 45 կողմ, 2 դեմ: Բանաձևը կքննարկվի լիագումար նիստում։

«Եվրոպայում զարգացած հակամարտությունները շատ ընդհանրություններ ունեն, հատկապես, երբ դրանք վերաբերում են Ռուսաստանի հարևաններին և տարածքային ամբողջականության խախտմանը: Վրաստանի հետ կապված Ռուսաստանի շարունակական ագրեսիայի ֆոնին վտանգի առաջ է կանգնած ոչ միայն Վրաստանը և Ռուսաստանի մյուս հարևանները, այլև Եվրոպայի ռազմավարական տեսլականն ու խաղաղությունը: Մենք Ռուսաստանի ապակառուցողական գործողություններին պատասխանում ենք նոր նախաձեռնությամբ` «Քայլ դեպի ավելի լավ ապագա»,- հայտարարել է Սոֆիո Քացարավան:

Խորհրդարանի մամլո ծառայության փոխանցմամբ, Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը քննադատել և բանաձևին ի աջակցություն հայտարարություններ են արել Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և Վրաստանի պատվիրակության անդամները: Հատկանշական է, որ բանաձևին դեմ է քվեարկել միայն Ռուսաստանի պատվիրակությունը:

«Շատ լավ նախադեպ է, երբ հանձնաժողովում նման աջակցություն կա: Լիագումար նիստում, հավանաբար, դիմադրություն կլինի, սակայն այս բանաձևը կընդունվի, քանի որ ճիշտ հիմքեր ունի և արտացոլում է իրականությունը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Գիգի Ծերեթելին:

Թողնել պատասխան