Մ. Մայիլյան. Այսպիսի լղոզված կոչերը չեն կարող հասնել իրենց բուն նպատակին

«Ալիքի»-ի հարցերին է պատասխանում 2001 – 2007 թթ. Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ,  ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը.

Մ. Մայիլյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂՀ հակամարտությանը վերաբերող հայտարարությունը որակում է անհասցե: Նրա կարծիքով` այն, որ հավաքվել են, քննարկել, զինադադարի կոչ արել, ցույց տվել, որ միջազգային հանրությունը մտահոգված է իրավիճակով, բավարար չէ.

«Մեծ թերությունն այդ հայտարարության մեջ այն է, որ այդ հայտարարությունը` վերջին օրերին հնչած շատ ուրիշ հայտարությունների նման անհասցե է  և թույլ է տալիս Ադրբեջանին` շարունակել իր որդեգրած քաղաքականությունը, որովհետև այսպիսի լղոզված կոչերը չեն կարող հասնել իրենց բուն նպատակին»:

Մայիլյանը աննախադեպ է գնահատում միջազգային արձագանքը` այն առումով, որ բոլոր շահագրգիռ պետություններն ու կառույցները և նույնիսկ նրանք, որոնք այս տարածաշրջանում ուղղակի շահ չունեն, ևս հայտարարություններ են արել, ասում է` հայտարարությունների քանակից և օպերատիվությունից այն տպավորությունն է ստացել, որ միջազգային հանրությունը ցույց է տալիս, որ շահագրգռված չէ, որ այս տարածաշրջանում նոր պատերազմ սկսվի:

«Ալիքի»-ի հարցին, թե կարելի է արդյոք այս գործողություններն անվանել քառօրյա պատերազմ, կամ Արցախյան երկրորդ պատերազմ Մ. Մայիլյանը պատասխանում է.

«Բայց մի ավելացումով` լոկալ պատերազմ:Առաջին պատերազմը լայնածավալ էր, և Արցախի գրեթե բոլոր բնակավայրերն էին ռմբակոծվում, այս անգամ միայն սահմանամերձ գոտում էին ռազմական գործողությունները: Առաջին օրերին` սահմանի ամբողջ երկայնքով, մնացած օրերին` հիմնականում հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան հատվածներում, բայց այն, որ պատերազմ էր, փաստ է` իր բոլոր ատրիբուտներով, նաև ինֆորմացիոն բաղադրիչով, քարոզչական մեքենան էր աշխատում, այս առումով կողմերը բոլոր գործիքներն օգտագործում էին»:

Ռուսաստանի դաշնության կողմից ցուցաբերված ակտիվությունը` ռուս բարձրաստիճան պաշտոնյաների` մասնավորապես նախագահի, վարչապետի և Պաշտպանության նախարարի մակարդակով, պայմանավորում է այն բանի հետ, որ Ռուսաստանը` թե որպես համանախագահող երկիր, թե համանախագահող երկրների մեջ ամենամեծ ազդեցությունն ունեցող խաղացող` պետք է իր դերակատարությունն ունենար.

«Երևի կա նաև բարոյական ասպեկտ այս ամենում, քանի որ այն զենքերը, որոնք կիրառվել են Արցախի դեմ, Ադրբեջանը գնել է Ռուսաստանից, և կա մեծ դժգոհություն հայ հասարակության մեջ` այս հարցի հետ կապված, ինձ թվում է` բարոյական գործոնն է դեր խաղացել, որ Ռուսաստանն ավելի ակտիվ լինի` կայունության ապահովման հարցում»:

«Ալիքի»-ի  այն դիտարկմանը, որ սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, փորձագիտական շրջանակներում լայն քննադատություն եղավ քառօրյա մարտական գործողությունների ընթացքում ՀՀ արտգործնախարարության պասիվության հետ կապված, մեր զրուցակիցը պատասխանեց, որ պետական և հասարակական բոլոր օղակները այդ օրերին գործել են կազմակերպված` այդ թվում նաև ՀՀ արտգործնախարարությունը.

«ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը փորձում էր կապեր հաստատել միջազգային տարբեր կառույցների, արտգործնախարարների հետ: Փորձեցին բացատրել իրավիճակը` տալով սեփական գնահատականը, այն, որ տեղի ունեցավ ՀՀ նախագահի և ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպումը, և երեք հստակ մեսիջ ուղարկվեց ԵԱՀԿ անդամ պետություններին, Արտգործնախարարության մասնակցությունը կար»:

Ճգնաժամային իրավիճակներից ինչ դասեր ունենք քաղելու, ինչ հիմնական ուղղություններով մտածելու, վերանայելու և առաջիկայում ավելի լավ աշխատելու գործ ունենք հարցին Մայիլյանը դժվարանում է միանգամից գնահատական տալ, սակայն վստահ է, որ դասեր քաղելու անհրաժեշտություն կա.

«Ճիշտ է, հաջողվել է կանխել, նաև լրատվական դաշտում հաջողություններ ունեցանք, սոցիալական ցանցերի օգատերերը ևս իրենց ճիշտ դրսևորեցին, կար հայրենասիրության բարձր ալիք, այս ամենը կարևոր է, բայց նաև պետք է ամեն ուղղությամբ ամեն ինչ վերլուծել` ռազմական, քաղաքական, լրատվական, բոլոր կառույցների անելիքները` ինչ չափով է կատարվել, քանի որ նման և ավելի բարդ իրավիճակ դեռևս կարող է լինել, և մենք պետք է պատրաստ լինենք, այս իրավիճակը ինչ-որ առումով մենք պետք է ճիշտ գնահատենք և հետևություններ անենք»:

Հարցազրույցը վարեց Արսեն Խառատյանը

Թողնել պատասխան