Է. Բաղդասարյան. «Չունեինք այն ինֆորմացիան, որը պետք էր` այսքան կորուստներից խուսափելու համար»

Անցած օրերին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված  լայնածավալ ռազմական գործողությունները ակտիվորեն քննարկում էր հայաստանյան ու արցախյան մամուլը: Սակայն այլ հարց է, թե ինչպես:

«Ալիքի» հարցերին պատասխանում  է հայաստանյան  առաջատար առցանց լրատվամիջոցներից մեկի` «Հետքի»  գլխավոր  խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նրա խոսքով` այս օրերին  Ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկատվության պակաս չի զգացել.

«Ինֆորմացիայի պակաս չի նկատվել: Խնդիրը ճիշտ մատուցելու մեջ էր ելնելով նրանից, որ կային զոհեր, պետք էր այդ տեղեկատվությունը մատուցել`  ոչ ոքին չվնասելով»:

Բաղդասարյանի խոսքով`  հասկանալի էր, որ այդ օրերին Պաշտպանության նախարարությունը որոշ չափով սահամանափակ հայտարարություններ էր անում,  դա,  ըստ լրագրողի, կարելի է բացատրել Նախարարության զբաղվածության և  տրամադրության բացակայության փաստով: Մարտական գործողությունների արդյունքում զոհերի կողքին կան անհետ կորածներ, որոնց մասին տեղեկատվություն փոխանցելն էլ այդ օրերին հեշտ չէր.

«Անհետ կորածները միայն 18-20 տարեկաններ չէին, կային նաև փորձառու սպաներ,  և շատ հնարավոր է, որ նրանք ողջ են: Այդ պատճառով աշխատում ենք կորուստների մասով շատ ինֆորմացիաներ չտալ»:

Անդրադառնալով այդ օրերին ղարաբաղյան լրատվամիջոցների գործունեությանը`  լրագրողը նշեց.

«Ղարաբաղյան մեդիայի խնդիրներն  ակնհայտ են.  այստեղ չկա ազատություն, լրագրողները շատ սահմանափակ են գործում: Ես միշտ ասում եմ, որ ազատությունը քայլ առ քայլ պետք է նվաճել, ցավոք սրտի նրանք դեռ այդպես չեն մտածում և չեն աշխատում այդ ուղղությամբ»:     

Բաղդասարյանը, որ տարիներ շարունակ աշխատում է մեդիա ոլորտում, հայտնի լրագրող է հատկապես հետաքննական նյութեր պատրաստելու գործում, նշում է, որ լրագրողն իր անձը չպետք է ներկայացնի. կարևորը` լուրն է:  Էդիկ բաղդասարյանը խոսեց նաև հայկական զինուժի թույլ կողմերի մասին:

«Մենք չունեինք այն ինֆորմացիան, որը պետք էր` այսքան կորուստներից խուսափելու համար: Ճիշտ է`  հարվածը շատ ուժեղ էր, սակայն իմ կարծիքով դրան էլ պետք է պատրաստ լինեինք»:  

Էդիկ Բաղդասարյանի կարծիքով`  հայկական բանակում այս առումով փոփոխություններն անհրաժեշտություն են. ինչպես ասում է` «քարացած կառույցները պետք է ջարդել». 

«Իհարկե չենք ասում, որ մեր գեներալները վատն են, որովհետև այսօր բոլոր նրանք, ովքեր կանգնած են առաջի գծում, հրամանատարներն են, ուղղակի իրենք պետք է բաց լինեն փոփոխությունների առջև»: 

Թողնել պատասխան