Սպանվել է նախկին պատգամավորը

Թելավիի շրջանի Ակուրա գյուղում սպանվել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Նոդար Մոդեբաձեն ` հաղորդում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը: Ըստ ականատեսների վկայության` Մոդեբաձեի վրա երկու անգամ կրակել են որսորդական հրացանից: Նշվում է նաև, որ նախկին խորհրդարանականը վիճաբանությունների մեջ էր համագյուղացիների հետ: Քրեական գործը հարուցվել է դիտավորյալ սպանության հոդվածով: Նոդար Մոդեբաձեն պատգամավոր է եղել 1999-2004 թվականներին` Էդուարդ Շեվարդնաձեի իշխանության ժամանակ, նա ներկայացնում էր Վրաստանի Վերածնունդ խմբակցությունը:

Մոդեբաձեն նաև Դատախազության կողմից տուժող կողմ էր ճանաչվել` Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի և Արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների գործով: Սահակաշվիլիի ժամանակաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են Նոդար Մոդեբաձեի կողմից սեփականաշնորհված` Ակուրիի գինու գործարանը պետությանը վերադարձնելու փորձի մեջ:

Համագյուղացիներն արդեն բարձրաձայնել են սպանության պատճառների մասին, Ըստ նրանց վարկածի` Մոդեբաձեի նոր խաղողի այգին մի քանի անգամ ոտնատակ էր տրվել` կասկածյալի սեփականություն հանդիսացող անասունների կողմից: Սպանվածը զգուշացրել էր հովիվին, նրանց միջև վիճաբանություն էր եղել, որից հետո հովիվը բերել էր որսորդական զենքն ու մի քանի անգամ կրակել: Տեղեկատվությունը` ինտերպրեսյուզի:

Թողնել պատասխան