Նոր MAN ավտոբուսներ են շահագործման հանձնվել

Նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան MAN ավտոբուսների քանակը  Թբիլիսիի փողոցներում կավելանա:

9 համարի երթուղու հին ավտոբուսները գալիք շաբաթվանից կփոխարինվեն MAN ավտոբուսներով: Կայարանային հրապարակից ավտոբուսները կմեկնեն Բագեբի: Ուղեվարձն անփոփոխ կմնա 50 թեթրի:

Ներկայումս մայրաքաղաքում ընդհանուր առմամբ երթևեկում է 40 MAN ավտոբուս՝ 61, 5, 37, 87 երթուղիներով: Թբիլիսիի քաղաքապետարանը վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ 143 նոր ավտոբուս է գնել, դրանք բոլորն արդեն Լեհաստանից բերվել են Թբիլիսի: Ծրագրի արժեքը 34 միլիոն եվրո է:

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ այս պահին իրականացվում են տրանսպորտային միջոցների վճարման համակարգի մոնտաժային աշխատանքները, շուտով նաև կսկսվի ավտոբուսների ներկրման երկրորդ փուլը, որով նախատեսվում է համեմատաբար փոքր չափսերի տրանսպորտային միջոցների ձեռքբերումը:

Ավտոբուսները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, աշխատում են բնական գազով, ինչը զգալիորեն պակասեցնում է վնասակար արտանետումների ծավալը:

Մայիսի վերջին կավարտվի նոր ավտոբազայի կառուցումը, որը նախատեսված կլինի 377 ավտոբուսի համար: Շահագործման հանձնելուց հետո ավտոպարկը հնարավորություն կունենա նոր ավտոբուսներ ընդունել՝ այդ թվում նաև փոքր չափսերի: Ավտոպարկի թարմացման քառամյա ծրագիրը նախատեսում է նաև այլ օբյեկտների կառուցում, որոնք անհրաժեշտ են հանրային տրանսպորտի ծառայությունների ամբողջական  համակարգի համար:

Թողնել պատասխան